Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև»
«Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտևի» հետ, հայտնում է Պլովդիվը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է Armsport.am-ը:
20-ամյա հենակետային կիսապաշտպան Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման։
«Մենք ուրախ ենք ողջունել Էդգարի նման երիտասարդ և հեռանկարային խաղացողի: Նա պետք է շատ աշխատի ու խաղադաշտում ապացուցի իր որակները: Հաջողություն, Էդգա՛ր»,- ասել է «Բոտևի» սպորտային տնօրեն Արթուր Պլատեկը։
«Բոտևն» այժմ մասնակցում է Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլին, իսկ ԵԼ որակավորման առաջին փուլում հաղթել է «Մարիբորին»:
Փիլոյանը 20 տարեկան է ու մարտին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Վիստայում», «Կրասնոդարի» 2-րդ թիմում: Վերջին կես տարին անցկացրել է «Վանում»: