Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Հուսամ` քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:
Նշենք, որ Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։