Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։
Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքներում՝ պարզելու բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։
«Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր չի իրականացվել բավարար չափով։
Վերջին ծրագրերն իրականացվել են 2019-21 թվականներին կոնկրետ որոշակի պտուղ-բանջարեղենների համար, սակայն, կարևորելով Հայաստանի Հանրապետության բնակչության առողջությունը, անհրաժեշտություն է առաջացել բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողություն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում կապահովվի մթերքում մնացորդային նյութերի ռիսկի բացահայտումը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում արտադրվող սննդի որակը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու համար։