Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը, ապամոնտաժվել են պահեստարանի տարողությունները
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա 2024 թվականի հունիսի 12-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Սևանի փողոց 17 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ «Մեգա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի և նավթամթերքի պահեստարանի նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ ինչպես բենզալցակայանում, այնպես էլ հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանում, նաև պահեստարանում։
ՏՄ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում հայտնաբերված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։
Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցնել ք․ Երևան, Սևանի 17 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում և՛ բենզալցակայանը, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը կապարակնքվել են։
Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է ներկայացվել սեղմ ժամկետներում ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանի տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է»,- տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։