Ռուսաստանը վերանայում է ապօրինի ներգաղթյալների իրավունքները
ՌԴ Պետդուման վերանայել է Ռուսաստանի տարածքում գտնվող ներգաղթյալների իրավունքները: Պատգամավորները չորս նիստի ընթացքում ընդունել են ներգաղթյալներին առնչվող նոր իրավական ռեժիմը: Այդ պայմանները կազդեն օտարերկրյա այն քաղաքացիների վրա, ովքեր անօրինական են գտնվում ՌԴ-ում կամ ունեն իրավախախտումներ: Այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Այսուհետ ապօրինի ներգաղթյալներն իրավունք չեն ունենա կատարել բանկային գործարքներ՝ բացի պարտադիր պետական վճարներից, գնել կամ վաճառել անշարժ գույք և տրանսպորտային միջոց, ազատ շարժվել ՌԴ-ի տարածքում, ամուսնանալ կամ ամուսնալուծվել: Ինչպես նաև միգրանտները կկարողանան կանխիկացնել միայն մինչև 30 հազ. ռուբլի:
Օրենքը նաև ենթադրում է հիմքեր, ըստ որոնց՝ քաղաքացին կարող է ազատվել պատժամիջոցներից: Դրանցից են օրենքը խախտած անձի հեռանալը Ռուսաստանից, օրենքի փոփոխությունը կամ միգրանտի մահը: