Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։
Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։ Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի եւ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է արել, երբ Սարուխանյանը հայտնել է, որ վերաձեւելու է ավագանու կազմը՝ վերեւից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի եւ Սարուխանյանի միջեւ։
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով․ Աղասի Մաթեւոսյանը` Համբարձում Մաթեւոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։
ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ եւ հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաեւ Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, եւ չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: