Չի բացառվում՝ Քամալա Հարիսին աջակցեն նաև Հանրապետական կուսակցության լիբերալ թևի ներկայացուցիչներ. քաղաքագետ
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ անցած ամիս հեռուստաբանավեճ տեղի ունեցավ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև, որից հետո բոլոր սոցիոլոգիական հարցումներով Թրամփը ջախջախիչ հաղթանակ տարավ Բայդենի նկատմամբ, ինչից հետո դեմոկրատական կուսակցությունում տագնապի ազդանշան սկսվեց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշմանը:
«Ակնհայտ էր, որ այս կոնֆիգուրացիայով դեմոկրատները որևէ շանս չունեին Թրամփին հաղթելու համար: Ամենաուշագրավն այն էր, որ այդ հեռուստաբանավեճի ժամանակ, ինչպես նաև դրանից առաջ ու հետո նկատվում էին, որ Բայդենը մոռանում է մարդկանց անունները, իրադարձությունները, այլ մարդկանց անուններ է տալիս: Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Զելենսկու փոխարեն Վլադիմիր Պուտին ասաց, և, սրա վրա խաղալով, Թրամփի թիմը ցույց տվեց՝ Բայդենն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, այլևս ոչ ադեկվատ է: Հենց այս մարտավարությամբ էլ առաջ էին գնում՝ ցույց տալով ամերիկյան ընտրողներին, որ նա, բացարձակապես, այլևս անադեկվատ է»,- ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ Բայդենը որևէ շանս չունի հաղթելու Թրամփին և դեմոկրատական կուսակցությունում իսկական տագնապ սկսվեց:
«Նախագահի մերձավորները՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, Ադամ Շիֆը Բայդենին կոչ արեցին դուրս գալ ընտրապայքարից և տեղը զիջել ավելի ադեկվատ, ավելի մրցունակ թեկնածուի, որը կարող է լուրջ այլընտրանք լինել Թրամփին»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ հիմա շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կընտրվի դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու: «Թեպետ օգոստոսին նոր վերջնականապես պարզ կլինի՝ նա կընտրվի որպես թեկնածու, թե՝ ոչ, բայց արդեն իսկ դեմոկրատներից շատ ազդեցիկ դեմքեր իրենց աջակցությունն են հայտնել Քամալա Հարիսին: Նրան աջակցում են նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ուստի ամենայն հավանականությամբ նա էլ կլինի նախագահի դեմոկրատական թեկնածուն»,- նշեց Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Քամալա Հարիսն արդեն հայտարարել է, որ պատրաստ է պայքար մղել և ամեն ինչ անել թույլ չտալու Թրամփի վերադարձը Սպիտակ տուն:
Հարցին՝ կոնսոլիադացիա կլինի՞ լիբերալ թևի կողմից Քամալա Հարիսի շուրջ, և նա արդյոք շանսեր ունի հաղթելու Թրամփին, քաղաքագետն ասաց. «Այո, կոնսոլիդացիա կլինի Քամալա Հարիսի շուրջ ընդդեմ Թրամփի:
Շատ հետաքրքիր է, որ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են՝ Հանրապետական կուսակցության լիբերալ թևից ներկայացուցիչներ հնարավոր է նաև ոչ թե Թրամփին աջակցեն, այլ հենց՝ Քամալա Հարիսին:
2016 թվի նախագահական ընտրություններին նման օրինակ եղել է. այն ժամանակ հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն էին հայտնել Հիլարի Քլինթոնին, այլ ոչ թե Դոնալդ Թրամփին: Քանի որ Թրամփը հակաժողովրդավարական շատ ելույթներ է ունեցել, չի բացառվում որ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ իրենց աջակցությունը հայտնեն Հարիսին»:
Քաղաքագետը այս պահին Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի շանսերը հավասար է գնահատում:
«Եթե Բայդեն-Թրամփ բանավեճից հետո Թրամփի վարկանիշը բարձրացել էր, այս պահին երկու թեկնածուների շանսերը հավասար են, սակայն մինչ ընտրություններ շատ ժամանակ կա և կարող է ինչ-որ մեկի օգտին փոխվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական ընտրապայքարը լքելու մասին։