Սա կարող է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու ժեստ լինել․ Ավետ Ադոնցը՝ շենգենյան վիզաների մասին
Տարիներ շարունակ Եվրամիության բոլոր անդամ երկրները համաձայն էին Հայաստանի հետ բանակցություններ սկսել շենգենյան վիզաների ազատականացման թեմայով, բացառությամբ մեկ երկրի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը՝ խոսելով վիզաների ազատականացման վերաբերյալ ԵՄ-ի հետ երկխոսություն սկսելու հնարավորության հարցի մասին և հնարավոր սպասելիքների մասին։ Թե խոսքը որ երկրի մասին է, դիվանագետը կոռեկտ չհամարեց փակագծերը բացել։ Ըստ նրա՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ երկիրը ևս մեր երկրի հետ բանակցություններ սկսելու համաձայնություն է տվել։
Հայաստանի հետ վիզաների ազատականացման թեմայով բանակցություններ սկսելուն դեմ է եղել Ֆրանսիան։ Ադոնցը շեշտեց՝ հարցը վերաբերում է բանակցություններ, երկխոսություն սկսելուն, իսկ դա կարճ գործընթաց չէ։
«Դրանք մեկ օրվա, մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա բանակցություններ չեն, որքան կտևի՝ տարի, երկու տարի, թե ավելի երկար, չեմ կարող ասել»,- նշեց ՀՀ նախկին փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով` այն պահից, երբ կհաստատվի երկխոսություն սկսելու քաղաքականությունը, այդ պահից նոր կսկսվեն բանակցություններ Եվրահանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև։
Թե ինչպիսին են Հայաստանի «շանսերն» այս ճանապարհին, ևս կանխատեսել չի ցանկանում։ Չի բացառում, որ սա կարող է Արևմուտքի կողմից աջակցության ժեստ լինել։
«Սա կարող է ԵՄ-ի կողմից ժեստ լինել Հայաստանի հանդեպ՝ ի աջակցություն այն արտաքին քաղաքականության օրակարգի փոփոխման, որն այսօր մեր երկիրն իրականացնում է»,- ասաց ՀՀ նախկին փոխարտգործանախարարը։
Ադոնցը նշեց, որ վիզաների ազատականացումից հետո նաև ՀՀ կառավարության վրա է դրվելու վիզաների կանոնների պահպանման պատասխանատվությունը։
«Եթե ՀՀ որևէ քաղաքացի որպես տուրիստ այցելում է, օրինակ, Ֆրանսիա կամ Գերմանիա և սահմանված ժամկետում չի վերադառնում, ապա ՀՀ կառավարությունը պարտավոր է նրա վերադարձն ապահովել, ֆինանսական և տեխնիկական բոլոր հարցերը կարգավորել։ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների կարգապահության մասով»,- ընդգծեց դիվանագետը։
Ադոնցը հավելեց՝ վիզաների ազատականացումը շատ զգայուն հարց է ՀՀ քաղաքացիների համար, մանավանդ վերջին մի քանի տարիների ընթացքում խնդրահարույց է դարձել։ Շենգենյան վիզաների դյուրացված ռեժիմն այսօր շիլա–փլավ է դարձել, դյուրացվելու փոխարեն գործընթացն ավելի է բարդացել։