Ալիևը դժգոհություն է հայտնել Արևմուտքից
Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խորապես հիասթափված է Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի վերաբերմունքից: Նա համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը միակողմանի մոտեցում է ցուցաբերում, փորձում բաժանարար գծեր ստեղծել Կովկասում:
Ադրբեջանի նախագահը տարօրինակ է որակել ապրիլի 5-ին կայացած բրյուսելյան հանդիպումը, դժգոհություն հայտնել, որ Արևմուտքը պաշտպանական աջակցություն է տրամադրում Հայաստանին:
Միաժամանակ նա նշել է, որ հանրապետական վարչակազմի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները հաջող են դասավորվել՝ չնայած որոշակի վայրիվերումներին: Նա նաև հայտարարել է, թե իր երկիրը անկախ արտաքին քաղաքականություն է վարում, զարգացնում հարաբերությունները գործընկերների, նաև տարածաշրջանի երկրների հետ՝ անտեսելով բամբասանքները, այդ թվում՝ Եվրախորհրդարանից կամ Եվրախորհրդից հնչող հայտարարությունները: