Ոստիկանության Կոտայքի բաժնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:
Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկրացուն, որը, գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործելու նպատակով վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող AKM տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։
Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից փորձել են ինքնաձիգը վերցնել նրա մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով ինքը և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
Աբովյան ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի՝ ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 173-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև AKM տեսակի ինքնաձիգը։
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։