Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիեւ–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արեւմուտքին, այս պարագայում` Մեծ Բրիտանիային: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիեւը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաեւ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Ծանր զիջումների վերաբերյալ Միլլերի հորդորից հետո հայկական կողմի մոտ կասկածներ չկան, որ այս ֆորմատում էլ էին ՀՀ ղեկավարին պատին դեմ տալու։ Անգամ պաշտոնական հաղորդագրություններով է պաշտոնական Երեւանը դա հասկացրել։
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ «հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը», եւ «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»:
ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում` ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ «Հայկական կողմը նաեւ վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր եւ բարձրագույն մակարդակով բանակցությունները եւ մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել էր խոսնակը։
Կուլիսային իրադարձություններից անտեղյակ մարդուն կթվա, թե կողմերից մեկը ստում է, բայց շան գլուխն այլ տեղում է թաղված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: