Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել, դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։
Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ, խոսքը 1700-ից ավելի մարդկանց մասին է, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։
Ռ.Մելիքյանը նշեց, որ բողոքարկելու են այս որոշումը։
«Բայց հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում ձևավորվել է մարդկանց խումբ, ովքեր պատրաստ են կատարել քաղաքական փոքր խմբակի հակահայ, հակաարցախյան, սեփական ազգի արժանապատվությունը ոտնատակ տվող քաղաքական պատվերները և մի հատ ախ չքաշել»,- ասաց փաստաբանը։