Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Յաել Բրոն-Պիվեն։
Նա քվեարկության երրորդ փուլում ստացել է 220 պատգամավորի աջակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայից 74-ամյա Անդրե Շասենը՝ 207 ձայնով: Երրորդը աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախկին փոխխոսնակ Սեբաստիեն Շենյուն է՝ 141 ձայնով:
«Մենք տեսանք, որ երկիրը պառակտված է և տագնապի մեջ է, ուստի այժմ մենք հսկայական պատասխանատվություն ենք կրում։ Այս Ազգային ժողովը, թերևս, լավագույնս ներկայացնում է ֆրանսիացի ժողովրդին և նույնպես պառակտված է։ Մենք պետք է համակերպվենք, համագործակցենք, փոխզիջումներ փնտրենք, երկխոսություն վարենք, լսենք միմյանց և առաջ շարժվենք»,- իր ելույթում նշել է Բրոն-Պիվեն։
Յաել Բրոն-Պիվեն մասնագիտությամբ իրավաբան է։ Մակրոնի ղեկավարած կուսակցությանն անդամակցում է 2017 թվականից։ 2022 թվականին նշանակվել է անդրծովյան տարածքների նախարար, սակայն մեկ ամիս անց տեղի ունեցած ընտրություններից հետո դուրս է եկել կառավարության կազմից՝ գործունեությունը շարունակելով օրենսդիրում։ Ընտրվել է Ազգային ժողովի նախագահ։