Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ օրերս կատարված մահափորձը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ օրերս կատարված մահափորձը:
«Էրդողանը նշել է, որ տեղի ունեցածից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա նկատմամբ ամերիկյան ժողովրդի վստահության մասին»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Էրդողանը նաև շնորհավորել է Թրամփին Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրության արդյունքն օգուտներ կբերի ամերիկացի ժողովրդին և Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ օրերս Թրամփի հետ շփումներ են ունեցել նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: