Հակոբ Արշակյանը Մարտին Չունգոնգին է ներկայացրել Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրներին:
«ՀՀ-ն հավատում է, որ ուժեղ ժողովրդավարական պետությունը, որի առանցքում մարդու իրավունքներն են և օրենքի գերակայությունը, պետության և հասարակության դիմակայությունն ապահովելու խոշոր նախադրյալ է ընդդեմ բազում մարտահրավերների ու ճգնաժամերի»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում՝ ԱԺ նախագահի տեղակալն այդ առումով արժևորել է նաև Մարտին Չունգոնգի գործունեությունը:
Վերջինս կիսվել է Հայաստան իր կարատած այցի լավ տպավորություններով, ինչպես նաև անդրադարձել սեպտեմբեր ամսին Հայաստանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովին:
«Հայաստանի խորհրդարանն ամենաերիտասարդականն է աշխարհում, և ես ուրախ եմ, որ Հայաստանում է անցկացվելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովը»,- նշել է նա:
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադերբեջանի միջև խաղաղության գործընթացին և հավելել, որ Միջխորհրդարանական միության կողմից ջանքեր կներդնեն գործընթացը զարգանալու համար:
Հանդիպման ավարտին Մարտին Չունգոնգը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի և Միջխորհրդարանական միության միջև համագործակցությունը քաջալերող է, հայ պատգամավորներն ակտիվորեն ներգրավված են միության տարբեր մարմինների աշխատանքներում: