Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը. ԱԳՆ
Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի՝ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում ունենալու առաջարկը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Ադրբեջանի նախագահի հետ Լոնդոնում հանդիպելու առաջարկը։