Իլհամ Ալիևը ժամանել է ԵՔՀ գագաթնաժողով
Ադրբեջանի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետի հրավերով ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է Եվրոպայի ապագայի քաղաքական և ռազմավարական քննարկումների համար, այն առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի մայիսին։
Մակրոնի նախագծի նպատակն է հարթակ տրամադրել բոլոր եվրոպական երկրների քաղաքականությունը համակարգելու համար և խթանել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը՝ լուծելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները՝ ամրապնդելու եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը, մասնավորապես, կապված էներգետիկ ճգնաժամի հետ: Եվրոպական քաղաքական համայնքը ներառում է նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը, Իսլանդիան, Ուկրաինան և Մոլդովան, Թուրքիան, Վրաստանը և Հայաստանը։
Եվրոպական քաղաքական համայնքը 3 հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում արդեն 2 անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ անգամ՝ 2023-ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց։