Ֆինանսների նախարարը և ԱԶԲ պատվիրակությունն անդրադարձել են համագործակցության ընթացիկ հարցերին
Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԱԶԲ-ի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը, և նախարարը Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ մասնակցությունը ծրագրին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով:
Նախարար Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նկատելով, որ ԱԶԲ-ի հետ ինչպես նպատակային և բյուջետային աջակցության վարկային ծրագրերի, այնպես էլ տեխնիկական աջակցության գործիքների տեսքով իրականացվող բոլոր նախաձեռնություններն ուղղված են ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը։