Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հունգարիային զրկել ԵՄ-ում ձայնի իրավունքից
Եվրախորհրդարանի 63 անդամից բաղկացած խումբը դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով Հունգարիային զրկել Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից՝ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերի պատճառով: «Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահությունը նոր է սկսվել, սակայն վարչապետ Օրբանն արդեն զգալի վնաս է հասցրել՝ օգտվելով և չարաշահելով Եվրամիության Խորհրդի նախագահողի դերը»,- ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակի հեղինակները նշել են, որ Օրբանը Վլադիմիր Պուտինին և Սի Ծինփինին այցելելիս «միտումնավոր տպավորություն է ստեղծել, որ գործում է ամբողջ Եվրամիության անունից», թեև իրականում նման լիազորություններ չուներ։
Եվրոպացի խորհրդարանականները նշել են նաև, որ Հունգարիայի վարչապետը առաջ է քաշում օրակարգ, որը հակասում է ԵՄ դիրքորոշմանը։ Նրանք, մասնավորապես, մատնանշել են Օրբանի փորձերը՝ ամեն գնով հրադադարի հասնել Ուկրաինայում՝ առանց Կիևի դիրքորոշումը հաշվի առնելու:
Նրանք կոչ են արել «որքան հնարավոր է շուտ վճռական միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի հետագա վնասը ոչ միայն ԵՄ հեղինակությանը, այլև ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին»: