Ադրբեջանցի սահմանապահները երեկվանից Կիրանցում են
Երեկ երեկոյան ժամը 18:00-ից ադրբեջանցի սահմանապահները կանգնած են Կիրանցում՝ սահմանզատված մասում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի համայքանպետ Կամո Շահինյանը։
«Այնպես չէ, որ կիրանցեցիները խուճապի են մատնված: Մենք երբևիցե չենք վախեցել ոչ մեկից, հարցը ոչ թե վախենալն էր, հարցն այդ մեր հողատարածքն էր, որ ընկնում էր նրանց։ Մեր պայքարը դրա համար էր: Եղավ այն, ինչ եղավ, մնում է՝ մենք էլ հասկանանք՝ ինչ է լինելու վերջը», - ասաց համայնքապետը:
Շահինյանը վստահեցրեց՝ չեն լքելու գյուղը:
«Ի՞նչ անենք, թողնենք ու գնանք այստեղից: Թողնել-գնալը շատ ամոթ կլինի, կիրանցեցիները միշտ էլ հերոս են, հզոր են, վախենալու բան չունեն: Երբ հարց կառաջանա, կտեսնենք՝ ինչն ինչից հետո է, էլի կանգնած ենք: Իմացե՛ք՝ Հայաստանի դարպասները պինդ ենք պահելու»,- նշեց նա:
Վերջում Շահինյանը հավելեց. «Մենք ամուր ենք, դուք էլ մեզ հետ ամուր կացեք, որ մեր երկիրը պահենք: Մենք շատ ենք սիրում մեր երկիրն ու ամուր կանգնած ենք»: