«Նադյայի շնորհիվ սիրահարվեցի այս գործին, բայց հետո ունեցանք մեծ կոնֆլիկտ»․ Արմինկա
Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հյուրն այս անգամ Արմինկան էր: Ի թիվս այլ թեմաների՝ երգչուհին խոսել է նաև Նադեժդա Սարգսյանի հետ աշխատանքի ու կոնֆլիկտի մասին։
«Նադյան ուներ ֆանտաստիկ կարողություն՝ տալու իր բեմական բոլոր հմտությունները։ Ինձ որ ասում էին՝ «ժամանակն է, դուրս արի», պատասխանում էի՝ «Դեռ բան ունեմ Նադյայից վերցնելու»։ Նա առաջին հերթին արտիստ էր, իր գործի նվիրյալ ու պրոֆեսիոնալ։ Դրա համար չեմ կարող ասել՝ շատ պահանջկոտ էր, որովհետեւ այդպիսին էլ պիտի լիներ։ Ուղղակի հաջողակ եմ եղել, որ այդ դպրոցն անցել եմ։ Ամենաերկար աշխատողներից մեկն եմ եղել, շատ քչերն են հինգ տարի դիմացել այդ ակտիվ ռեժիմին։ Եվ նա այնպես արեց, որ սիրահարվեցի այս գործին ու մասնագիտությանը:
Հետո եղավ շատ մեծ կոնֆլիկտ: Տարիներով իրար չենք բարևել։ Հինգ տարվա քրտնաջան աշխատանքից ու մոսկովյան մեծ համերգներից հետո մեր խումբն իր զարգացման բարձրակետում էր, բայց Նադյան քանդեց խումբը։ Երևի, ժամանակն էր կենտրոնանալու Էմկայի անհատական կարիերայի վրա։ Նա դա միանգամից չարեց, կամաց-կամաց խումբը քանդեց՝ նախ հանելով երաժիշտներին, հետո սկսեցինք մինուսներով երգել, որին սովոր չէինք։ Տղաներին կրճատեց, հետո ասաց՝ երգչուհիներին պիտի կրճատի։ Հասկացա՝ ժամանակն էր, որ նա ստեղծի նոր, ավելի երիտասարդ կազմով որևէ բան, որպեսզի Էմմին լինի գլխավոր դերում։ Դրա համար քանդեց հինն ու կառուցեց նորը։ Ես, իհարկե, առաջին «Դո-Ռե-Մի»-ից հետո ասացի՝ ցտեսություն»,- անկեղծացել է Արմինկան: