Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհ. ԱԶԲ պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիք
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լյոլեին Ռոբերթսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ։
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ԱԶԲ պատվիրակները եղել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հյուսիսային հատվածում՝ Սիսիանից մինչև Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։ Այս տեղամասում կառուցվելու է շուրջ 27 կմ երկարությամբ ճանապարհ։ Շինարարության կառուցումը նախատեսված է Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների ներգրավմամբ և ՀՀ համաֆինանսավորմամբ։
ԱԶԲ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նոր կառուցվելիք և գոյություն ունեցող ճանապարհների ծրագրերին, ինչպես նաև տեխնիկական պարամետրերին։ Մեկ անգամ ևս փաստվել է ճանապարհահատվածի ռազմաքաղաքական և կենսական կարևորությունը Հայաստանի համար։