Փաշինյանն ընդունել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային:
Վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումն ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորում է և մեր երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ: Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: