ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարն այցելել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հուլիսի 11-ին այցելել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանման, հայտարարագրման և բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտների կայացման և զարգացման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումները, առկա խոչընդոտները և մարտահրավերները: Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել է նաև կոռուպցիայի կանխարգելման թվային օրակարգը, դրա իրագործման ուղղությամբ անհրաժեշտ նախապայմանները:
Հանձնաժողովի անդամները վերահաստատել են նշված ուղղություններով ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում շարունակական համատեղ աշխատանքների կարևորությունը:
Երկուստեք հատուկ ընդգծվել է հաղորդակցության և հանրային իրազեկման աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են կրթական և հանրային իրազեկման ուղղությամբ համատեղ մեկնարկած ծրագրերի արդյունքները, դրանց հետագա ընթացքի ապահովմանն ուղղված աշխատանքները:
Էրին ՄըՔինը, իր հերթին ողջունելով հանձնաժողովի կողմից մինչ օրս իրականացրած քայլերը, կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հանձնառությունը՝ հետագայում ևս նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ժողովրդավարության խթանման, պետական հատվածում թափանցիկությանն ու հաշվետվողականությանը բարձրացնելունն ուղղված հետագա քայլերին: