Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը միգրանտների համար
Ֆինլանդիայի խորհրդարանը հուլիսի 12-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 167 կողմ՝ 31 դեմ, ընդունել է օրինագիծ, որն արգելում է միգրանտների մուտքն այդ երկիր Ռուսաստանի տարածքով։ Այսուհետ ֆինն սահմանապահները կարող են Ռուսաստանից ժամանող ապաստան հայցողների մուտքը մերժել հենց սահմանից։ Որոշ անցակետեր կարող են ընդհանրապես դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը: Բացառություններ են նախատեսված առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Օրենքը ժամանակավոր է և կգործի մեկ տարի։ Հելսինկիի կառավարությունը Ռուսաստանին մեղադրում է Սոմալիից, Սիրիայից և այլ երկրներից ներգաղթյալներին Ֆինլանդիա մեկնելը խրախուսելու համար։ Մոտ 1300 միգրանտ Ռուսաստանի տարածքով արդեն մտել է Ֆինլանդիա։ Հելսինկիում կարծում են, որ Ռուսաստանն այս կերպ վրեժ է լուծում իրենց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է, միաժամանակ ընդունելով, որ այն հակասում է երկրի՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին: Ֆինլանդիան դեռ անցյալ տարի փակել է ութ պաշտոնական անցակետ՝ Ռուսաստանի հետ իր 1300 կիլոմետրանոց սահմանի երկայնքով: