Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու ծրագրի ընդհանուր պայմանների հարցում. Բայդեն
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են Գազայի հատվածում հրադադարի շրջանակային պարամետրերը։
«Վեց շաբաթ առաջ ես հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու համապարփակ շրջանակային ծրագիր եմ շարադրել: Դեռ անելիքներ կան, և բարդ խնդիրներ կան, բայց Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը այժմ համաձայնել են դրան»,- գրել է Ջո Բայդենը X-ի միկրոբլոգում
Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը միջնորդներից գրավոր երաշխիքներ է պահանջել, որ Իսրայելը չի վերսկսի ռազմական գործողությունները պատանդների առաջին խմբի ազատ արձակումից հետո՝ AP-ին ասել է Լիբանանում խմբավորման քաղաքական գրասենյակի ղեկավար Ահմեդ Աբդուլ-Հադին:
Նա հաստատել է, որ կողմերն իսկապես համաձայնության են եկել գործարքի ընդհանուր պայմանների հարցում, սակայն ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ դա հանգեցնի հակամարտության ամբողջական ավարտին, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ցանկացած պայմանավորվածություն «պետք է թույլ տա Իսրայելին վերադառնալ ռազմական գործողություններին, քանի դեռ պատերազմի նպատակները չեն իրականացվել»։