ԼՂ հայերը կամավոր չեն լքել իրենց տները, բայց հույս ունենք՝ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ադրադառնալով այն հարցին, թե Իրանը՝ որպես Հարավային Կովկասի գլխավոր դերակատարներից մեկն, այս հարցի լուծումն ինչպե՞ս է տեսնում, և պե՞տք է արդյոք Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։
«Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները», — իր խոսքում նշել է Մեհդի Սոբհանին:
Դիտարկմանը, որ այսինքն Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է ապահովել հայ բնակչության անվտանգությունը՝ դեսպանը պատասխանել է.
«Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ»։
Անդրադառնալով նաև այն հարցին, թե արդյոք ԼՂ հայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենա՞ն, որպեսզի ապահովվի այդ անվտանգությունը՝ դեսպան Սոբհանին նշել է, որ այդ առումով պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն։
«Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն այդ մասին։ Եկեք մենք և Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարեն։ Ես կարծում են՝ իրենք պետք է բանակցեն», — ասել է դեսպանը:
Պատասխանելով ճշտող հարցին, թե ո՞ւմ միջև պետք է անցկացվեն այդ բանակցությունները՝ դեսպանը շեշտել է, որ դա երկու կողմերի համաձայնության հարց է։
«Թե դա ինչպե՞ս պետք է սկսվի՝ երկու կողմերի համաձայնության հարց է։ Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը և նրանց իրավունքներին հասնելը», — ընդգծել է դեսպան Մեհդի Սոբհանին։