ԱՄՆ-ը նախատեսել է սպառազինությունների նոր համակարգեր տեղակայել Գերմանիայում
«Հուլիսի 12-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է անվտանգության սպառնալիքների կանխարգելման և հնարավոր էսկալացիայի ռիսկի նվազեցման հարցը»,- հայտնել են ՌԴ նախարարությունից՝ պարզաբանելով, որ խոսակցությունը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ։
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինխն էլ հայտնել է, որ զրույցի ընթացքում Օսթինը խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապուղիների պահպանման կարևորության մասին։ Նա այլ մանրամասներ չի հայտնել, սակայն ընդգծել է Պենտագոնի հանձնառությունը երկու երկրի պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելու հարցում։
Dpa գործակալությունը հայտնել է, որ թեև խոսակցության պատճառը չի նշվում, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ցանկանում է 2026 թվականին նորից սպառազինությունների համակարգեր տեղակայել Գերմանիայում, այդ թվում՝ հեռահար զենքեր։ Դրանցում կլինեն Tomahawk թևավոր հրթիռներ՝ մինչև 2500 կիլոմետր հեռահարությամբ, որոնք տեխնիկապես կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, ինչպես նաև SM-6 զենիթային հրթիռներ և գերձայնային զենքեր։