Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով ապագա նկարիչների մասնակցությունն այս միջոցառմանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են նման ցուցահանդեսներ, որոնք հնարավորություն են տալիս ապագա ստեղծագործողներին ներկայացնել իրենց յուրօրինակ աշխատանքները:
ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է փոքրիկ նկարիչներին: «Այս նախասրահում ցուցադրվում են շատ անվանի արվեստագետներ, եւ այսօր ձեզ ընձեռվել է հնարավորություն այստեղ ներկայացնել ձեր աշխատանքները»,- նշել է Սուրեն Սաֆարյանը՝ հավելելով, որ մանուկ հասակից պետք է սատարել երեխաներին, որպեսզի ապագայում նրանք կարողանան համալրել Հայաստանի նկարիչների միության շարքերը:
«Palette Art Studio»-ի ղեկավար Գարիկ Հարությունյանն էլ, կարեւորելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին տաղանդավոր փոքրիկներին նման հնարավորություն ընձեռելու համար:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են տարբեր շրջանների 15 նկարչական խմբեր ներկայացնող երեխաներ: