Հայաստանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ։
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:
«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու ու ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:
Նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը։