Մոսկվան անհանգստացած է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական. Գալուզին
Մոսկվան անհանգստացած է, որ Երևանի հավանությամբ ԵՄ առաքելությունը կարող է դառնալ մշտական: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Բացի այդ, ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին առաքելության անձնակազմում հայտնվել են Կանադայի ներկայացուցիչներ, ինչը դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»,- ընդգծել է Գալուզինը։
Նրա խոսքով, ռուսական կողմը Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրագործման հիման վրա»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է նաև, որ Հայաստանում արևմտականները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների, ինչպես նաև հարևան պետությունների վերաբերյալ։