Ուկրաինան կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է՝ Լոնդոնը հավատարիմ է նախորդ իշխանության ընդունած որոշմանը, ըստ որի Ուկրաինան կարող է օգտագործել բրիտանական կողմի փոխանցած զենքերը՝ ՌԴ տարածքում ռազմական օբյեկտները թիրախավորելու համար: Ըստ Bloomberg-ի՝ Սթարմերը միաժամանակ նշել է, որ այդ զենքը պետք է կիրառվի պաշտպանական նպատակով, ուկրաինական կողմի գործողությունները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը:
ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է այդ հայտարարությանը և անպատասխանատու որակել Մեծ Բրիտանիայի լեյբորիստական նոր կառավարության դիրքորոշումը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դա կսրի առկա լարվածությունը: «Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- նախազգուշացրել է պաշտոնյան:
Պեսկովը հավելել է, որ Բելգորոդը պաշտպանելու նպատակով Խարկովի շրջանում «բուֆերային գոտի» ստեղծելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են, սակայն, ըստ խոսնակի, դա ժամանակ կպահանջի: