Փարիզի օդանավակայանների աշխատակիցները պատրաստվում են գործադուլ անել
Փարիզի օդանավակայանների աշխատակիցները սպառնում են գործադուլ անել Օլիմպիական խաղերին ընդառաջ։ Նրանց շահերը ներկայացնող արհմիությունները կոչ են արել գործադուլ սկսել հուլիսի 17-ին։ Օդանավակայանների աշխատակիցները դժգոհ են, որ իրենց չեն վճարել այսպես կոչված «օլիմպիական պարգևավճարը»։
Իրենց հայտարարությունում արհմիությունները դատապարտել են ղեկավարությունների «միակողմանի որոշումները՝ պարգևավճարներ վճարել միայն առանձին աշխատակիցներին»։
Ռուասի-Շառլ դը Գոլ և Օռլի օդանավակայանները կդառնան հուլիսի 26-ին բացվելիք օլիմպիական խաղերին Ֆրանսիա ժամանող զբոսաշրջիկների գլխավոր դարպասները:
Le Monde թերթի գնահատականներով՝ Փարիզի օդանավակայաններով օլիմպիադայի ժամանակ կանցնի մինչև 350 հազար մարդ: Եվ, իհարկե, միայն երկրպագուներ չեն լինի, հուլիսի 18-ից հազարավոր մարզիկներ կսկսեն հավաքվել Օլիմպիական ավանում: Եթե բողոքի ակցիան տեղի ունենա, դա կարող է հանգեցնել խաղերի բացման նախապատրաստական աշխատանքի խափանման։
Օդանավակայանների անձնակազմերը, սակայն, միակը չեն, որ խաղերին ընդառաջ պահանջներ են ներկայացնում: Ֆրանսիայի պետական հատվածում աշխատողների շահերը ներկայացնող արհմիությունները նույնպես պահանջել են աշխատավարձի բարձրացում, քանի որ ստիպված են լինելու աշխատել օլիմպիական խաղերի ժամանակ։ Աշխատավարձերի բարձրացում և հավելավճարներ են պահանջել ոստիկանները, ավիակարգավարները, աղբահանության աշխատակիցները, գնացքների մեքենավարներն ու շատ ուրիշներ։