«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին
21-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրանը» Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։
Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առ այսօր։
Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազին», թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծին», թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջին», թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկին»՝ լավագույն դեբյուտի համար։
Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում։