Դանիել Դանիելյանն այցելել է Թալինի մշակութային հաստատություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրեր, ծանոթացել մշակութային հաստատությունների գործունեությանն ու ենթակառուցվածքներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, վարչական ղեկավարներ:
Դանիել Դանիելյանի առաջին կանգառն Աշնակ բնակավայրն էր, որտեղ նախարարի տեղակալն այցելել է Աշնակի մշակույթի կենտրոն, տեղում ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, զրուցել պատասխանատուի հետ, հետաքրքրվել խմբակների առկայությամբ։ Նախարարի տեղակալն ուշադրության է արժանացրել առկա կարիքները, երկկողմ քննարկվել են նաև հնարավոր միջոցառումները, որոնք կարող են անցկացվել մշակույթի կենտրոնում՝ բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնելու, նոր խմբակներ ձևավորելու համար։
Հաջորդիվ պաշտոնատար անձինք այցելել են Թալինի մշակութային կենտրոն, որտեղ ևս նախարարի տեղակալը ծանոթացել է շենքային պայմաններին, տարվող աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ։ Դանիել Դանիելյանին են ներկայացվել կենտրոնում անցկացվող խմբակների, երեխաների հաճախումների, վերջին ընթացքում անցկացված միջոցառումների և համայնքում մշակութային կյանքին վերաբերող այլ մանրամասներ։
Այցի վերջին կանգառը Դաշտադեմ բնակավայրն էր, որտեղ փոխնախարարը համայնքի ղեկավարի, Դաշտադեմի վարչական ղեկավարի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է Դաշտադեմի (Քաղենիի) ամրոցում, ուսումնասիրել տարածքային պայմանները։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել համայնքի մշակութային ներուժը, քննարկել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարներն ու մշակութային կյանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: