Առուշանյանը Իրանի հյուպատոսի հետ հանդիպմանը կարեւորել է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղված քայլերը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հուլիսի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Համայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:
Կողմերը կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի քույր քաղաքներ դառնալու գաղափարը:
Առուշանյանը և Վարամենին հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները: