Հնդկաստանի հետ հարաբերություններն արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթ ունեն․ Պուտին
Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահի և Հնդկաստանի վարչապետի բանակցությունները: Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկկողմ հարաբերություններն արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթ ունեն։
Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է 66 տոկոսով։
Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ առկա հրատապ խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու փորձերի համար։ Նա հրավիրել է Մոդիին՝ մասնակցելու աշնանը նախատեսված BRICS-ի գագաթնաժողովին։
Մոդին, իր հերթին, Պուտինին ընկեր է անվանել, ընդգծել երկկողմ հարաբերությունների խորությունը և սերտ գործակցությունը, խոստացել աշխատել դրանց ամրապնդման ուղղությամբ: Մոդիի խոսքով՝ շարունակական գործակցության շնորհիվ Հնդկաստանին և Ռուսաստանին հաջողվել է միջազգային բարդ զարգացումների ֆոնին չբախվել պարենային, էներգետիկ և այլ խնդիրների:
Նա նաև պատրաստակամություն հայտնել ցանկացած աջակցություն տրամադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: «Պատերազմը լուծում չէ, երկխոսություն է անհրաժեշտ: Երբ երեկ խոսեցինք, լսեցի Ձեզ, լավատեսություն զգացի և ապագայի հույսեր առաջացան»,- ասել է Մոդին: