Իրանը պատրաստ է ՌԴ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել․ Փեզեշքիան
Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում: Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի փաստաթղթերի նախապատրաստումն ավարտված է․ մենք պատրաստ ենք այն ստորագրել Ռուսաստանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները», - հավելել է Իրանի ընտրված նախագահը:
Գործակալության տվյալով՝ Պուտինի հետ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկու պետությունների համագործակցության կարևորությունը։