Գերմանիան, Իսպանիան, Լեհաստանը ողջունել են Ֆրանսիայում ընտրության արդյունքները
Գերմանիայի, Իսպանիայի և Լեհաստանի կառավարությունների ղեկավարները ողջունել են Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները, որոնց համաձայն հաղթել են ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան և երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կոալիցիան՝ առաջ անցնելով Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային միավորորում» կուսակցությունից:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հույս է հայտնել, որ Ֆրանսիայում կձևավորվի «կառուցողական» կառավարություն։
Վերլուծաբանները, սակայն, կանխատեսել են դժվար գործընթաց: Ժան-Լյուկ Մելանշոնը՝ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատի» առաջնորդներից մեկը, արդեն մերժել է ձախ կուսակցությունների և Մակրոնի կենտրոնամետ դաշինքի միջև կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Փոխարենը նա կոչ է արել Ֆրանսիայի նախագահին՝ հանձնարարել «Նոր ժողովրդական ճակատ»-ին՝ ինքնուրույն ձևավորել կառավարությունը։ Ձախակողմյան դաշինքը ներառում է ծայրահեղ ձախ, կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական և «կանաչների» ուժերը:
Էմանուել Մակրոնն էլ, իր հերթին, պատրաստ չէ կոալիցիա կազմել ձախ ուժերի հետ։ Այդ մասին նա երկու անգամ հայտարարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Le Parisien թերթի հետ հարցազրույցում և հուլիսի 3-ին Ֆրանսիայի կառավարության նիստից հետո։
Աջակողմյան Ազգային միավորման առաջնորդներ Մարին Լը Պենը և Ժորդան Բարդելան նույնպես մերժել են կոալիցիոն կառավարությանը մասնակցելու հնարավորությունը։ «Մենք չենք կարող ընդունել կառավարության կազմում ընդգրկվելը, եթե գործելու հնարավորություն չունենանք, եթե չկարողանանք փոխել գործող քաղաքականությունը, չկարողանանք գործել»,- ասել է Լը Պենը հուլիսի 2-ին՝ France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում: