Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքի հիման վրա հրաժարական կներկայացնի կառավարության ղեկավարի պաշտոնից:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող է հանդես եկել, քան ընտրության առաջին փուլում, սակայն դա բավարար չէ խորհրդարանում մեծամասնություն հավաքելու համար:
Ատալը հայտարարել է, որ հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին՝ ինքը որոշում է կայացրել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կներկայացնի հրաժարականի դիմում:
Մինչ այդ հաղորդվում է, որ նախագահ Մակրոնի լիբերալ-կենտրոնամետ դաշինքը՝ «Միասին հանուն հանրապետության»-ը, երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հայտնի է նաև, որ քաղաքական դաշինքներից ոչ մեկը ընտրության երկրորդ փուլի արդյունքի համաձայն` չի ստանա բացարձակ մեծամասնություն խորհրդարանում:
Ֆրանսիայում արտահերթ ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ կազմել է 59,71%: