Սիցիլիայում կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը
Իտալական Սիցիլիա կղզում լույս կիրակի գիշերը կրկին ժայթքել է Էտնա հրաբուխը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին (Ingv) հղումով։
Հաղորդվում է, որ խառնարանում ստրոմբոլյան ակտիվությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի հետևանքով ներկայում լավայի ու մոխրի արտանետումներ են տեղի ունենում։ Մոխրի սյուները, ըստ կանխատեսումների, ցրվում են հարավ-արևելյան ուղղությամբ։
Ինստիտուտը հաղորդել է նաև գազի և մոխրի ամպի մասին, որի բարձրությունը կազմում է հինգ կիլոմետր։
Էտնայի հրաբխային ակտիվության նոր փուլը սկսվել է հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, և ուղեկցվել է լեռան հարավ-արևելյան ու հյուսիս-արևմտյան գագաթներում գտնվող երկու խառնարանից լավայի արտանետումներով։
Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։