Շուրջ 1000 հրեա Լիտվայից փոխհատուցում է պահանջել կորցրած անշարժ գույքի համար
Շուրջ հազար հրեա դիմել է Լիտվային՝ փոխհատուցում պահանջելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի համար, որը չի կարող վերադարձվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ BNS գործակալությանը հղումով։
«Լիտվայի կողմից ստեղծված «Բարի կամքի» հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածի փոխհատուցման պահանջով», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախ դիմումները կստուգվեն, որպեսզի համապատասխանեն սահմանված ձևին, ապա կվերանայվեն փոխհատուցման հանձնաժողովի կողմից, որից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։ Իրավական ձևակերպումները կավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։
Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, դրանից հետո միայն պարզ կդառնա, թե որքան գումարի հավակնություն ունեն դիմորդները։ Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն եվրո։