Իրանում նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա. Պետդեպի ներկայացուցիչ
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին Iran International-ի թղթակցին հայտնել են Պետդեպում։
«Ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը, որի խոսքով՝ Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։
«Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։
Պաշտոնյան կրկնել է ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն «ազատ ու արդար չեն եղել»։
«Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի»,- ասել է ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրություններում հաղթել է բարեփոխիչների թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հավաքելով 16,3 միլիոն ձայն: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ է տվել շարունակել մայիսին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի քաղաքականությունը։