Խոշոր ավտովթար՝ Զովունիում. կան վիրավորներ
Հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում՝ «Զով Գարդեն» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Վահան Եղիազարյանի վարած «Honda» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Կամո Մախմուրյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Ալիսա Մախմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն, իսկ «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Էլեկտրասյունը չի տապալվել, քանի որ դրան պահել են էլեկտրալարերը և օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկության Նաիրիի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն աշխատանքներ էին ձեռնարկում՝ վնասված սյունը նորով փոխարինելու ուղղությամբ:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: