Ամփոփվել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:
Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:
«Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության վրա: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ամերիկյան փոխգործակցության շարունակական զարգացման եւ խորացման համար, ինչը մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Քննարկման առանցքում են եղել Հայաստանին ու տարածաշրջանին վերաբերող անվտանգային թեմաները, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքումը, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանն ու Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը:
Հաջորդիվ հայ եւ ամերիկացի խորհրդարանականները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, պատասխանել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության հետ` նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների կապերը:
Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: