Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին. Պուտին
Ռուսական կողմը հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ Ուկրաինայում հակամարտության ամբողջական ավարտի օգտին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։
Նա նշել է, որ ավելի վաղ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ներկայացրած առաջարկները թույլ են տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ:
«Դա չպետք է լինի հրադադար կամ կրակի ժամանակավոր դադար, որը Կիևի ռեժիմը կարող է օգտագործել կորուստները վերականգնելու, վերախմբավորվելու և զինվելու համար։ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին: Դրա պայմանները շարադրված են արտաքին գործերի նախարարությունում իմ ելույթի մեջ»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «Կիևը հրաժարվում է հրադադարից, քանի որ չի ցանկանում դադարեցնել ռազմական դրության ռեժիմը. այդ դեպքում պետք է նախագահի ընտրություն անցկացվի»։ Պուտինը կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի ներկայիս իշխանությունների շանսերը զրոյական են։
ՌԴ նախագահը նշել է՝ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից։