ՀՀ Սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը. մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. թյուրքագետ
Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել են Թուրքիայի թիրախներից մեկը, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։
2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։
Նման պահանջն այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։
ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի, պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։
Հետևաբար, այսօր` Սահմանադրության օրը, լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս»,- նշել է Գեղամյանը: