Երևանի կենտրոնում մեքենայից կրակnցներ արձակnղներին hայտնաբերել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են հունիսի 1-ին Կողբացի փողոցում ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից են «տաք գլուխները» կրակոցներ արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները այնուհետև վստահ լինելով օպերատիվ տեղեկությունների հավաստի լինելու մեջ, պարզել են, որ ավտոմեքենայի մեջ են եղել Երևանի բնակիչ 30-ամյա Դավիթ Հարությունյանը, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Նիկոլյանը և Երևանի բնակիչ 33-ամյա Տիգրան Մարկոսյանը։
Այնուհետև քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում երեկ՝ հուլիսի 4-ին, Ա. Նիկոլյանն ինքնակամ ներկայանում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավեի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ էին հնչել։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել էին ատրճանակից կրակված 11 պարկուճ։