Ես մտադիր չեմ հեռանալ նախագահական մրցապայքարից. Բայդեն
Ես մտադիր եմ շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար և հաղթել։ Այդ մասին չորեքշաբթի Սպիտակ տան ղեկավարն ասել է իր նախընտրական շտաբին՝ հայտնում են աղբյուրները։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Ես այս մրցավազքում կլինեմ մինչև վերջ, և մենք կհաղթենք»։
Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներին ասել էր. «Նա կատարում է նախագահի իր պարտականությունները, շարունակում է քարոզարշավը: Նախագահ Ջո Բայդենը չի դիտարկում նախագահական ընտրարշավից հեռանալու հնարավորությունը»:
Հակառակ իր ընտանիքի անդամների դիրքորոշմանը՝ Բայդենը նույնիսկ իր խորհրդականներին չի մեղադրել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ բանավեճում իր վատ արդյունքների համար։
Այդ նույն ժամանակ նախկին նախագահ Թրամփը կարծիք է հայտնել, որ պետության ներկայիս ղեկավարը կարող է դադարեցնել նախագահի պաշտոնի համար պայքարը։
«Նա հավանաբար դուրս կգա ընտրապայքարից, ինչը նշանակում է, որ մեր դեմ կլինի Քամալա Հարիսը»,- ենթադրել է Թրամփը: