Ֆրանսիայում ծայրահեղ աջ ուժերի դեմ ցույցեր են անցկացվում
Այսօր հազարավոր մարդիկ են հավաքվել Փարիզում բողոքելու խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում ձայների մեծամասնություն ստացած ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորման դեմ։
Ցույցին մասնակցել են արհմիություններ, անկախ լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցարարները կոչ են արել համաքաղաքացիներին ընտրության երկրորդ՝ վճռորոշ փուլում հակահարված տալ ծայրահեղ աջերին և թույլ չտալ նրանց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ՝ կառավարություն կազմելու իրավունքով։
Ազգային միավորման հիմնական մրցակիցներն են ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը և նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան։ Շատերը մտավախություն ունեն, որ աջ ազգայնականների հաղթանակը կհանգեցնի քաղաքացիական ազատությունների սահմանափակման:
Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։